Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կինը ճրագը հանգցրեց և կամացուկ շուլալվեց վերմակի տակ։ Սաքանն զգաց, որ մեջքը տաքանում է, երեսը դարձրեց կնոջ կողմը։ Վերմակի տակ դուրեկան հոտ կար, և երբ Սաքանը գրկեց իր կնոջը, նրան այնպես թվաց, թե իր կնոջ ուսն էլ բաց է, հագին ձյունի պես սպիտակ շապիկ ունի։ Կինը չհասկացավ, թե ինչու այդ գիշեր Սաքանը այդքան մոլեգին էր։ Եվ իր մտքում նա ներեց նրա երեկվա արածը, երբ երեսը շրջեց պատի կողմը։

Կինը մշշալով քնել էր, խրճիթի մի անկյունում նանին էր քնել։ Գիշերվա լռության մեջ գոմի պատի արանքից Սաքանը լսում էր, թե ինչպես է կովը գոմում որոճում։

10 Միտն ընկավ, թե ինչպես կովն ուզեց հարու տա Ասյային, երբ նա ծաղիկն էր մոտեցնում հորթի դնչին։ Սաքանը հիշեց և առաջին օրը, ինչպես էին նստել կտուրի վրա։ Ծերը պատմություն էր անում, թե ինչպես լուսնյակ մի գիշեր Մթնաձորում «չարք» երևաց, ինչպես չարքը հետևում էր նրան։

− Ես վազում եմ, ինքն իմ ետևից, կանգնում եմ, ինքն էլ ա կանգնում։

Հենց այդ խոսքին էր, որ երևաց ընկեր Ասյան։

Մինչև կես գիշեր Սաքանը կես քուն կես արթուն էր։ Լուսնյակը շողք էր գցել երդիկից, շողքը խաղում էր կարպետի վրա։ Լուսադեմին քնեց։

Երազում Սաքանի աչքին երևաց Մթնաձորը. սպիտակ շոր հագած մի կին ձորով վազում էր իր ետևից, մոտենում էր, որ բռնի, կանգնում էր կինը, 20 ծիծաղելով ետ փախչում ձորն ի վեր։