Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի երջանիկ դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։

Ես հարցրի, թե ո՞ր քամին էր նրան շպրտել հեռու ձորերում ընկած այն գյուղը։

— Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Այնքան եռանդ ունեի աշխատելու և այնպիսի կորով... Եթե մնացած լինե՜ր այդ երիտասարդությունը։

Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խորը շնշեցին և ապա շարունակեցին քայլերը։

— Գիտես, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեմք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ մոռանում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը, մոռանում է մանրամասնությունները, սակայն մնում են միայն գլուխը, աչքերը, կարծես մինչև մահ-գերեզման անջնջելի պիտի մնա այդ առաջին տպավորությունը։

Նա ինձ չթողեց, որ հարցնեի այդ դեպքի և նրա անջնջելի տպավորության մասին, որ այդ րոպեին լույս էր տալիս նրա հիշողության մեջ, ինչպես արևի ոսկե շողը՝ ծառերի մթնում։

— Շատ պարզ հիշում եմ այն օրերը, երբ որոշեցի Ձորագյուղ գնալ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Եվ սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը՝ ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ Նախ, որ ոչ մի աչք չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ՝ գյուղում պիտի աշխատեի։

Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։