Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռ կար։ Ես նորից փաթաթվեցի վերմակի մեջ, ոտքերս կախեցի տաք մոխրի վրա, և քնի ու երազի սահմանում օրորվեց գիշերվա անիրական աշխարհը։

Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։

Դուրս եկա. բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ Ձյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագույն արևը, երդիկներից ծուխ էր բարձրանում։

Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան 10 տերը՝ Օհան ապերը նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից։ Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը։

Տանը չորս հոգի էինք։ Ես, Օհանը ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը, որ հավատարիմ ընկերս էր, երբ գնում էինք դպրոց, որովհետև շները դեռ ինձ վարժ չէին, հաչում էին կտուրներից և հետևի ոտքերով ձյուն մաղում ինձ վրա։

20 Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր։ Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից՝ գրատախտակը։ Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար։ Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ։

Միակ ժամացույցն ինձ մոտ էր։ Մի օր էլ բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց և մինչև տարվա վերջը