Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք։

Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում էի։ Ժիր երեխաներ էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար։

Օրապահի զանգին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առաջ խմբված երեխաներին։ Խմբով էլ ներս էինք մտնում։

Դասերից հետո ես համարյա միշտ տանն էի։ Օհան ապերը գնում էր գոմը, տավարին ապուռ տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը կամ լվանում ընթրիքի ձավարը։ Օհան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում և նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։

— Հա, ո՞րտեղ մնացի,— արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք, գանգատվում էր.

— Պառավել եմ, քունս շուտ է տանում։— Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։

* * *

Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին։

— Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավական ծեր է։