Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորից ջոկվեց և իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը։

Ուզում էի իմանալ աղջկա անունը։ Ես հորինեցի մի դաս, երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին։ Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնարհ էր։ Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին, իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակի վրա գրեցի գումարման նոր վարժություն։

Խոնարհ, Խոնարհ... Նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա օձի պես սև պարանը։

Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդը, որը սովորական էր դառնում, հիշում էի, որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մոշահավ։ Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ, և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե միայն ինձ թվաց։

Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացի։ Բացուտին երբ հասանք, ես մոտեցա այն գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը։ Որսորդն իմ հետևից կանչեց, թե ճանապարհն աջ է ծռվում։ Գերանի մոտ ձյունը ծածկել էր աղջկա հետքերը։ Ոչինչ չէր երևում: Միայն ծառի տակ ընկած էր մի չոր շյուղ։ Կռացա վերցրի։

Վերադարձին եկանք գյուղի ծուռ ու մուռ փողոցներով, որպեսզի անցնենք նրանց տան առաջով։ Այդ թաղի շները հաչոցով ինձ վրա վազեցին։ Բայց և այնպես կիսաթաց դռնից նրան տեսա բակում՝ գրկին մի խուրձ խոտ։ Ինձ տեսավ, դեմքն իսկույն մյուս կողմը դարձրեց, տուն մտավ։ Ես նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը։

Այդ օրն այնքան ուրախ էի։ Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ