Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նիհար։ Նոր շորերի մեջ նա երևաց ավելի բարձրահասակ, մեջքը բարակ։ Կապույտ գոգնոցի թելերր մեջքին հանգույց էր արել։ Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը, տեսավ ինձ, հեռացավ կտուրից և խառնվեց աղջիկների խմբին։

նորից տեսա Խոնարհի սպիտակ դեմքը, նրա մանրիկ աչքերը։ Կարմիր շորերով այդ աղջիկը ինձ թվաց որպես մի բարձրահասակ երեխա՝ գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ։ Տուն մտա նրան չխանգարելու համար, որովհետև մյուս աղջիկները քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը, որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձնից։

* * *

Անտառն արդեն վերջացել և սկսվել էր լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին, թե ժամանակին մարգագետնի սևահողերում աճել է կաղնին։

Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին։ Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ, լողում էին և չոր տերևներ։

Ձիերը հոգնել էին։ Լեռնային կանաչը գրավիչ էր և՛ մեզ, և՛ հոգնած ձիերի համար։

— Իջնենք, ձիերը թող հանգստանան,— ասաց ընկերս։ Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը։ Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա։

— Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր: Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, կարծեմ Հուստինիանոս թագավորի մասին։ Ձյունը դեռ չէր հալվել, բայց արևի ջերմությունն արդեն զգացնում էր, որ գարունը հեռու չէ։ Այդպիսի օրերին