Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատուն էլ հեռանում էր թոնիրի տաք քարից և աչքերը փակած, փռվում արևի տակ։

Մեկը բարձրանում էր սանդուղքով։ Գլուխս վեր հանեցի: Գիրքը ձեռքիս ղողաց։ Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ։ Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել։ Դրանից էր, որ գրքի տառերը շաղվեցին, և գիրքը դողաց։

— Հայրս խնդրում է ճաշին գաս մեր տունը։

Ինքս էլ չիմացա, թե ինչու պատճառ բռնեցի գիրքը, ասեցի, որ չեմ կարող գալ։ Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդիրը:

Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի։ Անելիքս չգիտեի։

Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա։ Օհան ապերը եկավ, և մինչև իրիկուն միասին էինք։ Այդ օրը ես նրա հետ գոմը գնացի կովերին խոտ ու դարման տալու։

Չգիտեմ, ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքան սիրո՞ւն է, ինչպես այն տարին։ Քարերն էլ էին շնչում գարնան բույրը։ Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր։ Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր։

Ձորակներում հիմա էլ կան այգիներ։ Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները։ Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթերը և ձորակները բուրեին։ Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն։

Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մնչում էին արջառները, հոտոտում, դես ու դեն վազում և ոտքերով փորում թաց գետինը։ Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից։