Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարնան արև օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է։ Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե՛ք, երբե՛ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը։

Նրանց տունը չգնալու համար փոշմանել էի։ Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել։ Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ։

Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես։ Ես էլ էի պատրաստվում, և աշակերտները սովորում էին երգ ու ոտանավոր։ Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ։ Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն։ Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր։

Կիրակին եկավ։ Գուցե և ոչ մի տարի այդ օրն այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում։ Բաց պատուհաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռնում աշխույժ ճռվողյունով։ Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները։

Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում, այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած։ Եվ ի՜նչ բարակ էին նրա շրթունքները։

Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը։ Կարպետը շարժվեց, բեմի ետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը։

Մանկան զիլ ձայնով և համարձակ փոքրիկ աղջիկը ինչ-որ բան էր ասում։ Բազմությունը լուռ լսում էր։ Չէի լսում ես։ Կողքիս Խոնարհն էր։ Նրա աչքերում ուրախության ժպիտ կար։ Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև։ Ձեռքը բռնեցի։

— Խոնարհս...—Ձայնս դողաց։

— Թո՛ղ,—ասաց ու ձեռքը մեկնեց քրոջը, որ ավարտել էր