Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասանությունը և որի դեմքը անսովոր հաճույքից կարմիր էր։ Դահլիճում ծափահարում էին. ոմանք զանազան ձայներով, նույնիսկ ձեռնափայտի շարժումով իրենց գոհունակությունն էին հայտնում։

Քիչ հետո հանդեսը վերջացավ։ Ինձ թվաց, թե հանդեսը տխուր անցավ և պղտորվեց գարնան օրը։ Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո՛ղ: Ձեռքիս էի նայում և ուզում էի ստուգել՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը։ Ինչո՞ւ այդքան ջերմ էին նրա մատները։

Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ տեսա։ Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը։ Դասերից հետո գնում էի ձորակը, պառկում Օհան ապոր 10 այգու կապույտ քարին, որից վերև ցանկապատի կողքով նա պիտի վերադառնար իրենց այգուց։ Ոչ մի խոսք չէի կարող նրան ասել, թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի հետև։ Հայրը գնում էր առաջից՝ չոր ցախի կապը մեջքին, աղջիկը նրա հետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ։ Հետս գիրք էի առնում, բայց չէի թերթում ոչ մի էջ, որովհետև ամեն ոտնաձայնի նայում էի ճանապարհին։

Մի անգամ միայն ցանկապատի հետևից ինձ նայեց և ժպտաց։ Թվաց թե հացի շորը դիտմամբ վեր գցեց, որ կռանա և մի քիչ ավելի կանգնի։ Գուցե այդպես չէր, գուցե իրոք շորը սահեց, ընկավ։ Հիմա էլ պարզ տեսնում եմ նրա դեմքը ցանկապատի փշերի արանքից։ Նույն աչքերն էին, ինչպես բարեկենդանի 20 օրը կտուրի վրա։ Նրա աչքերի մեջ մանկական արտահայտություն կար, թեև տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը։

Ընկերս լռեց։ Ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, ասես ուզում էր հեռացնի այն դեմքը, որ հին տարիներից ժպտում էր այդքան պայծառ։

Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ, ասես արար աշխարհին հպարտությամբ ցույց էր տալիս, որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ։