Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եկավ և վերջին օրը։ Դպրոցն արդեն արձակել էի. աշակերտներին բաժանել էի հին տետրակները, վերադառնալու պատրաստություն էի տեսնում։ Օհան ապերը առավոտը շարական չէր կարդում։ Վաղ լուսաբացին նա գնում էր այգի կամ վար ու ցանքի հոգսի հետևից էր:

Հրաժեշտը դժվար էր: Տանն ընտելացել էին ինձ, ես դառել էի մտերիմ մարդ և՛ Օհան ապոր, և՛ Աշոտի, և՛ պառավ նանի համար: Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշարը:

Խոնարհին մի քանի օր չէի տեսել։ Ինձ թվում էր, թե ես նրան էլ չեմ տեսնելու: Եվ մի անգամ էլ տեսնելու պահանջը ինձ ստիպեց արագ-արագ անցնել գյուղի փողոցներով, մի վայրկյան կանգ առնել նրանց տան առաջ և բաց դռնով նայել բակին:

Խոնարհին բակում չտեսա: Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին, արտերում սկսվել էր քաղհանը, այս ու այն սարալանջից լսվում էր հորովելի ձայնը: Մի տեղ աշունքվա մուգ-կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը։

Օհան ապերը մի քանի խրատներ կարդաց։ Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: Նանին ձիապանին պատվիրում էր ինձ լավ տանել և զգույշ մնալ, որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանակ գոգնոցով սրբում էր թափվող արցունքը։

Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրը և ուռենու հաստ նովը, ուր ձմեռը կովերը ջուր էին խմում։ Ահա և Օհան ապոր այգու դռնակը։ Արագ բարձրացա ձորակով, դռնակը բաց արի, մոտեցա այգու կապույտ քարին. ցանկապատի ետևը մարդ չկար։ Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը, և բողբոջների փոխարեն նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղները։

Դպրոցի մոտ երեխաները խմբվել էին: Նրանք ինձ