Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տեսան և իջան բլրակով։ Որպիսի՜ միամիտ պարզությամբ նրանք ինձ բարի ճանապարհ ասեցին։ Մի քանիսը ծաղիկներ էին բերել։ Հենց որ մեկը ինձ մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ նրա օրինակին հետևեցին:

Աղջիկներից ոմանք լաց եղան։ Նրանք և՛ ժպտում էին, և՛ ժպիտի հետ սրբում էին արցունքը, որ ծորում էր աղբյուրի պես։ Լաց էր լինում և Խոնարհի քույրը:

Մեկը թե՝ «Ուսուցիչ, մեզ չմոռանաս»։ Լավ հիշում եմ Ճուտիկին, որը միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին և երկար, հնամաշ տրեխներով։ Որբ էր Ճուտիկը, լռիկ-մնջիկ մի երեխա, որին բոլորը սիրում էին։ Խմբի մեջ Ճուտիկն էլ էր։ Մյուսների պես նա մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ։ Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս։ Մեծ փափախի տակից տեսա նրա խելոք աչքերը։ Եվ այնքան խեղճություն կար Ճուտիկի աչքերում։

Ձիապանի կանչը ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու։ Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին։ Կռացա և համբուրեցի Ճուտիկի ճակատը, ինչպես Օհան ապերը՝ իմ ճակատը։ Իմ աչքերում արցունք երևաց, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, դպրոցի ներկած թիթեղները։ Հետո ծառերը ամեն ինչ ծածկեցին։

Քայլում էի ձիապանի հետևից: Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էր փոքրիկ տափարակով։ Կանաչ արտերում քաղհան էին անում։ Մի քիչ վերև, սարալանջին, եզները դանդաղ քաշում էին արորը և հանգստացած հողը շրջում ակոսի մեջ: Արտերում կանաչի մեջ երևում էին կարմիր֊կապույտ ծաղիկներ։ Բացվում էր պուտը։

Սպիտակ քարի մոտ, գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին։ Մեր հայացքներն իրար հանդիպեցին, և ես նրա աչքերում ժպիտ չտեսա։ Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ևս հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ, ոչինչ