Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր ասել այդ խոնարհ աղջիկը։ Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես առաջին անգամ անտառում։ Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհանի բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ:

Ոչինչ չասացի, հեռացա: Արահետով բարձրանալիս միշտ հետ էի նայում: Կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման: Եվ այդ երամից մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտարճի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին: Ձորի գլխին կանգնեցի և, երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի։ Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա: Ես արագացրի քայլերս ձիապանին հասնելու:

Երբ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում է նույն կերպ, ինչպես նա, որ մեջքին ընկած, փակ աչքերը երկնքին, անգիր ասում էր մի ծանոթ պատմություն, գրված Օհան ապոր հին գրքերում։

Վեր կացա, թուլացրի ձիու թամբի կապերը: Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ։

— Հետո տասներկու տարի... Եվ ի՜նչ տարիներ։ Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր, տարբեր ցեղից, անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառն հիշողության հետ կապված... Եվ նրանց մեջ Խոնարհի դեմքը, ցանկապատի փշերի արանքից երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ և բարա՜կ, կարմիր շրթունքներ։

Հանկարծ ընկերս կողքին դարձավ, վիզը ձգեց իմ կողմը։ Նրա աչքերն ավելի մեծացան։

— Գիտե՞ս, ես Խոնարհին տեսա:

— Ե՞րբ։

— Երեկ, Վերին գյուղում։ Դու քնել էիր, դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի