Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։ Այս տարվա ժանտախտից էին խոսում։ Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն։ Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա։ Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը։

Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը։

— Հետո մի ճար կլինի,— ասաց։

Ամուսինն անցյալ տարի էր մեռել։ Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը։ Իսկ տանն ուրիշ աշխատող չկար:

Ես ճանաչեցի Խոնարհին... Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի։ Ես ճանաչեցի Խոնարհին։ Բայց չգիտեմ նա ինձ ճանաչե՞ց, թե ոչ։

...Անխոս նստեցինք ձիերը և անցանք գետակը։ Արևն արդեն դեպի մայրամուտն էր կախվել։