Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԼԱՌ-ՄԱՐԳԱՐ

Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,-Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած, իրեն են սպասում։

Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղտեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։

Ջուրը ծառերի տակ կապելուց հետո Լառ-Մարգարը պառկում էր ծառի շվաքի տակ, երկար բահը կողքին, աչքերը կիսախուփ անում, ննջում, մինչև ջուրը հասներ։ Հետո վեր էր կենում, ջուրն ուրիշ առվով անում, էլի ջրի հետ գնում։

Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,— առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին։

— Լառ-Մարգարը լագլագի պես ջրերից ձեռք չի քաշում,—ասում են գյուղացիք։ Եվ ճիշտ որ, Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլի, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։

Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում