Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշում,— ասում են գյուղացիք։ Եվ ճիշտ որ, Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլին, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։

Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակ բեղերը չլինեին։

Գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում։

— Լառ-Մարգար, արտս խանձվեց, ջուր հասցրու,— գանգատվում էին երբեմն։

— Կեցիր դհա, կրակ չեղավ, սրադ ուրբաթ է,— ասում է Լառ-Մարգարը:

Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի է զարկել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։

Անցյալ գարունքին էր այդ: Գյուղը նրան ջրվոր է վարձել։

— Ղարիբ մարդ է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի։

Երբ առաջին անգամ առվով ջուր էր կապել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, բահը ուսին անցել առվով, գյուղում մի հանաքչի ասել էր․

— Տեսեք հա՜, գաղթական բիձեն լառի լագլագ լինի կասես։

Գյուղը նորեկին ավելի անուն էր դրել Լառ-Մարգար։ Քչերն էին փորձում ջրվորին խաբել, հերթից դուրս ջուր գողանալ։ Վայ թե իմանար Լառ-Մարգարը, կթոնթորար, կկանչեր, բահը գետնով կտար։

— Ծառդ պտուղ չի տար, յավրիս, գողության մի վարժեցուր։