Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լառ-Մարգարի համոզումն էր այդ։ Եվ երբ բարկանար, այդ խոսքը կասեր։ Իսկ եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր.

— Էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ...

Այդ ասելիս Լառ-Մարգարը հանկարծ խեղճանում էր, ձայնը երերում էր։ Թողնում էր խոսակցին, բահն առնում և առվի հետ գնում, թեկուզ գնալն էլ միտք չունենար։

Հեռու չէր գնում։ Նստում էր առվի մոտ, նայում ջրի հանդարտ հոսանքին, չոր ծղոտներին, որոնք գալիս էին հեռուներից և ջրի հետ գնում։ Նայում էր առվի եզերքին բուսած կանաչին, և մտքերը նորից հանդարտվում էին։

2

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա,— Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ, ջրվորի պողպատ բահի վրա արծաթ փայլով պսպղում էին սերկևլու տերևները, հովից հասկերը քսվում էին իրար, խշխշում։ Ամայի արտերի միջով անցնում էր Լառ-Մարգարը, ջուր տալիս ծարավ հասկերին։

Լուսաբացին արտատերը արտը ջրած պիտի տեսնի, պիտի ժպտա և կռանա, մատներով տրորի թաց հողը, տեսնի՝ խո՞րն է ծծել ջուրը, Լառ-Մարգարը ջուրը վարար չի՞ կապել։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձյունի գնդերի պես, շառագունում էր արևելքը, արևի առաջին շողերը խաղում էին ամպերի հետ, ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավրի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։