Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն առավոտ կանուխ Լառ-Մարգարի կինը հավաբնի դռնակը բաց էր անում, հավերը կղկղալով վազում էին նրա ետևից մինչև կարասի կտորը, ուր պառավը հավերին կուտ էր տալիս:

Մի հավք թռչում էր, օդի ոլորտում պտույտներ անում: Եվ երբ Լառ-Մարգարը նայում էր ծիրանի ճղների արանքից, նրա ծերացած աչքերին այնպես էր թվում, թե հավքը լազուրի վրա միայնակ սահող ամպի կտորի հետ է խաղում:

…Կտավատը կապույտ ծաղիկներն էր բացել, ծիրանն արդեն դեղնել էր: Վար էր անում, արորը փափուկ հողում ամռան ցելի ակոսներ էր ծրում: Երբ մի անգամ էլ դարձավ, աչքն ընկավ արահետին: Մասրենու մոտ պառավը կանգնել, ձեռքով էր անում:

— Գեղը խռովտուք կա, մարդ, – կանչում էր պառավը:

Եզներն արձակեց, արորը հողի մեջ խրած թողեց: Վարից բեզարած եզները երեկոյան տան իրերով բարձած սայլն էին քաշում դեպի անծանոթ հեռուները:

Տեղահանության օրերն էին:

Սայլը ճռնչում էր օր ու գիշեր, փոշի կար ճանապարհին, շիվար դեմքեր: Գյուղերը խառնվել էին իրար, ճանապարհին նոր խմբեր էին միանում քարվանին, նորեկներից հարցնում էին ետ մնացած հարազատների մասին, հարցնում էին գնալիք ճանապարհի մասին: Եվ ոչ ոք հաստատ ոչինչ չէր ասում, մարդիկ կասկածից ավելի էին շվարում:

— Մա՛րդ, թոնիրին քարը մոռցա վրա դնել, – ասաց պառավը սայլի վրայից:

Լառ-Մարգարը որդու մասին էր մտածում ամեն անգամ, երբ սայլին նայելիս տեսնում էր կնոջը թոռանը գրկած:

— Ամուր նստե, նայե, Թորոսիկը չմրսե… Թորոսիկը մերթ քնում էր տատի գրկում, մերթ զարթնում, զարմացած հարցնում.