Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձմեռն անցավ, բայց և ոչ ոք չնկատեց գարնան գալը։ Ավազուտների վրա կոշտ, փշոտ բույսեր կանաչեցին, հետո չորացան: Նրանց հետ էլ անցավ հարավի կարճատև գարունը, ավազուտները նորից լերկացան, կեծացան հրավառ արևի տակ։

Մարդահավաք արին, վրանների աշխատող ձեռքերը հանեցին նոր շինվող ճամփի վրա բանելու։ Մարգարն էլ գնաց։ Աշխատում էին օրնիբուն, հեռուներից քար էին կրում, հող էին բերում։ Հազարավոր բահ ու բրիչ ամեն օր փորում էին, ճանապարհը սարքում։ Մյուսների հետ Մարգարն էլ էր աշխատում։ Ծանոթներ կային, շինականներ։ Խիճ էին պատրաստում, և երբ արևը պահվում էր շեղջակույտերի ետև, ծառերը երկար ստվերներ էին ձգում, վերադառնում էին վրանները, որ արևածագին նորից գնան։

Մի իրիկուն էլ պառավն իրեն վատ զգաց, գանգատվեց սրտի ծակոցից։ Մարգարը ելավ վրանի առաջ քար փնտրելու, տաքացնելու, պառավի կրծքին դնելու։ Իրենց գյուղում այդպես էին անում։ Փնտրեց, ձեռնունայն ներս մտավ։

— Քար պիլա չկա, մա՛րդ, աս ո՞ւր եկանք,— տնքաց պառավը։ Էլ չխոսեց։

Եթե այդ ժամանակ այգիներից մի մարդ ձայն էր տալիս, թե՝

— Լառ-Մարգա՛ր, ջուրը բարակեց,—

Լառ֊Մարգարը հանկարծ վեր էր թռնում տեղից, բահն առնում և դեպի ջրի բանդը գնում։ Եվ ոչ ոք չգիտեր, որ Լառ-Մարգարը առվի բանդը սարքելիս մտքով ուրիշ տեղ էր, գյուղից հազարավոր վերստեր հարավ։

Մարգարն էլի խիճ էր ջարդում, պառավն աչքի առաջին։ Ի՞նչ լավ կլիներ, եթե ճամփի քարերից գիշերով գողանար, պառավի գերեզմանի վրա դներ։ Ավազուտը կբացվեր, շնագայլերը կքրքրեին պառավին։ Քար պիտի դնել, ծանր քար՝ ավազի շեղջակույտի վրա։

Իր կյանքում Մարգարը երկու անգամ է ծեծ կերել.