Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ երբ տղա էր, շան պոչից ցախավել էր կապել, մեկ էլ պառավի գերեզմանին քար դնելուց հետո։

Էլի արևի տակ խիճ էր կոտրում, երբ երկու հոգի մոտեցան իրեն։

— Այս ծերո՞ւկը,— հարցրեց մեկը, և երբ մյուսը գլխով նշան արեց, զինվորականի՝ կրունկը մեխած սապոգը կրծքին զարկեց, կրծքի տախտակը դնգաց պարապ կարասի պես: Քթից արյուն եկավ, և երբ երկրորդ անգամ սապոգով կողքին խփեցին, խիճը ճղեց Մարգարի բութ մատը։

Բահով առուն մաքրելիս, հիմա էլ, երբ Մարգարի աչքին է ընկնում բութ մատի սպին, մատներն ավելի պինդ են սեղմում բահի կոթը, բայց զայրույթն անցնում է, երբ միտն է բերում շեղջակույտի վրա դրած քարը։

— Կմնա՞ դեռ, քամին չմաշե՞ց, չգողցա՞ն:— Շատ կտար Լառ-Մարգարը, թե հարցին պատասխան տվող լիներ։

Երբ վրանները հավաքեցին, և վրանների տակ ծվարած ժողովուրդը ուրիշ երկրների ճամփան բռնեց, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները, Թորոսիկի ձեռքը բռնեց։

Մարգարի շալակին, կնոջ աղլուխի մեջ ծիրանի կորիզներ կային: Գյուղի ծիրանուտում մի ծիրանի կար, պտուղը մեծ ու համեղ։ Պառավն այդ ծիրանի կորիզներն էր հավաքել, պահել, որ գալ տարի տնկի տան առաջ։ Ծիրանի կորիզներն էլ պառավի հետ ճռնչան սայլի վրա շաբաթներ էին լուսացրել մինչև հեռավոր ավազուտները:

Երբ վրանները հավաքեցին և հեռացան, Մարգարը երկու միտք ուներ՝ Թորոսիկին պահել և ծիրանի կորիզները պահ տալ մի ապահով հողում։

3

Տարիներ անցան։ Մի տեղ չգտավ Մարգարը, որ շունչ առներ։ Հեղեղի բերանն ընկած մրջյունի պես վեր ու