Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վար էր անում, մագլցում մի ծղոտի վրա, բայց հեղեղը ծղոտն էլ էր քշում, մրջյունին էլ։

Մարգարն աշխատում էր, զրկում իրեն և բերանի պատառը պահում Թորոսիկի համար, որ պապի թևի տակ մեծանում էր։ Մի օր էլ Թորոսիկը շոգենավի տախտակամածի վրա ելավ։

Պապն էլ էր, ուրիշ հարևաններ էլ, որոնք Կավալայի մոտերքն էին ապրում, վրանների տակ, պատմում անցած-գնացած առասպել-օրերից, ցերեկով աշխատում ագարակներում, նավահանգստում, քաղաքում։ Մարգարն ուրախ էր, երիտասարդացել էր։ Եվ երբ Թորոսիկր հարցրեց, թե'

— Պապե, նավը մեզ ո՞ւր պիտի տանի,—

Մարգարը նայեց թոռան կայտառ աչքերին, աչքերի մեջ տեսավ անհետ կորած որդու պատկերը և զսպելով իրեն ասաց.

— Մեր երկիր, յավրիս...

Այդ երկրի համար Մարգարը Թորոսիկից և ծիրանի կորիզներից բացի ուրիշ ոչինչ չուներ ընծա տանելու։

Նավը օրորալով ալիքներն էր ճեղքում իր սուր քթով, ալիքները հեռանում էին մի պահ, հետո մոտենում, զարկում նավին, փշրվում կոհակների։

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել, նայեց և իր հին տան բանալիները կամացուկ հանեց գրպանից, տրորեց բռի մեջ, նետեց ծովը։ Փոքրիկ օղակներ ելան նետած տեղից, օղակները լայնացան, հալվեցին, մի մեծ ալիք եկավ, ծածկեց բանալու ընկած տեղը: Բանալիներն արդեն սլվել, ընկել էին անդունդ։

Լառ-Մարգարը ոչ ոքի չասեց, թե ինչու արցունքներ երևացին աչքերին, երբ առաջին անգամ գնացքի պատուհանից Արարատի ձյունոտ գագաթը տեսավ։ Այդ երկրում պիտի ծլեին ծիրանի կորիզները։

...Եվ եթե մեկը հերթից դուրս ջուր էր գողանում, զայրանում էր Լառ-Մարգարը, խրատում.