Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանել, ապա բարձրացել ծառը, ոտքի թաթը թողնելով գազանի երախում։

Շատ տներում պատերից կախ արջի մորթիներ կան, դռան ճակատին մեխել են պախրայի գլուխը, ճյուղավոր եղջյուրներով, գանգի խոռոչում՝ խոտ, աչքերի փոսում գունավոր փալաս: Բաց բերանից չոր խոտի ծղոտներ են երևում, ասես պախրան գիշեր-ցերեկ խոտ է ուտում։ Ով գիտե, գուցե վերջին մամուռը դեռ մնացել է ատամների արանքում, երբ Սաբուի որսորդը ծառի ետևից պախրայի վրա կրակեց կայծքարով հրացանը։

Կա մի հին աղանդ Սաբու գյուղում։ Մթնած այդ աշխարհում հին առասպելների հետ հավասար մնացել է այդ աղանդը։ Եվ ինչպես անտառի գազանը մնացել է անաղարտ, Սաբու գյուղում այդ հնօրյա հավատքը մնացել է, ինչպես անտառի կուսական թավուտը։

Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի արևորդիների մասին, որոնք տեղավորված էին Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա։ Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք։ Բարձր չինարներ կային արևորդիների աշխարհում, և ամեն առավոտ արևածագին չինարների տակ արևին ծունր էին դնում։ Գուցե և կրակապաշտ Իրանից մի կայծ թռել է Արաքսի այս ափը և դարձել ուրույն հերձված։

Այդ աշխարհում է Սաբուն։ Այնտեղ էլ կան բարձր չինարներ, սակայն արևին ծունր չեն դնում, գուցե նրա համար, որ խավարաձոր անտառներում քիչ են արևոտ օրերը: Հիմա էլ չինարները սուրբ են, և չար աչքի դեմ նրանց բներին կապում են գունավոր փալասներ։

Սաբու գյուղում թուրքեր են։ Որովհետև աղանդավոր են եղել, հնում հալածել են նրանց և ենթարկել ծաղրի։ Սաբուն ավելի է քաշվել իր պատյանի մեջ և պինդ փակչել հին հավատքին։ Տարիներ շարունակ թավուտները մնացել են սաղարթախիտ, արևի շողը չի թափանցել խորքի ստվերուտը, փտել են ընկած գերանները, և հողի հետ բորբոսնել է գերան ու տերև։