Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սաբուն մազ չի խուզում, բեղ ու միրուք կտրելը համարում է մահացու մեղք։ Դրա համար էլ մարդիկ երկարամորուս են, բրդոտ։ Մազ է պատել այտոսկրին, մազոտ են ականջի խոռոչները։ Ճակատի մազերը կախվում են մինքև ունքերը, և ճակատը չի երևում։ Նրանք ծիծեռնակի թևի նման սև միրուքներ ունեն։

Սաբուն մռայլ է։ Անտառն է վարժեցրել ունքերը կախ և կացնի կոթից պինդ բռնած լուռ ման գալ ծառերի տակ։ Կացնով կարելի է ոչ միայն գերան կտրել, այլև ջարդել արջի գանգը առասպել Գեուշի պես։

Խուսափում են ուրիշ գյուղից աղջիկ ուզել։ Շատ հազվադեպ են ուրիշները համաձայնվում աղջիկ տալ Սաբուին, որովհետև աղանդը գաղտնի ծեսեր ունի, որոնց մասին հարևան գյուղերը հազար ու մի պատմություն են պատմում։ Եվ քանի որ ծեսը կատարում են այն ժամանակ, երբ գյուղում օտար մարդ չկա, դրա համար էլ ճշգրիտ ինչ շատ քչերը գիտեն, թեև ոմանք պնդում են, որ իրենք այդ ծեսին ականատես են եղել։

Սկզբում Սաբու գյուղում ընդունված կարգ է եղել, որ մի կին մի քանի մարդու հետ ապրի, բայց Իրանից եկել է աղանդի մեծը և հայտարարել, որ մարգարեն այլևս նման ծես չի ընդունում։ Այդ վաղուց է եղել, թեև հիմա էլ շատերը ասում են, որ Սաբու գյուղում այդ ծեսը դեռ մխում է մոխրի տակ անթեղած կրակի նման։

Կա մի գիշեր, երբ ոչ լուսնյակ է երևում, ոչ աստղեր: Ամպ է իջնում անտառների վրա, ամպը ձորակներով սողում է մինչև գյուղը, իբրև ծուխ փաթաթում տուն ու մարագ։ Այդ գիշեր ամպի հետ գազաններն անցնում են գյուղի փողոցներով։ Արջը թաթը կոխում է կավով ծեփած քթոցի մեջ, լիզում մեղրը, գայլը լիզում է գառան տաք արյունը։ Շներն իզուր են կաղկանձում, թաքնվելով դեզերի մեջ:

Այդ գիշեր Սաբու գյուղի երեխաները գլուխները կոխում են բարձի տակ, ոմանք լաց են լինում: Եթե լույս