Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր հյուսածին, շարժվում էին գույնզգույն կծիկները, զրնգում էին և ծամերի բոժոժները:

Երբ ձիավորներն անցան փողոցով, շները հաչեցին կանաչ աբայի վրա: Աղջիկը գլուխը թեքեց, սեյիդը ճրագի լույսով տեսավ և գորգը, և տորքի առաջ նստած աղջկան: Նրան թվաց, թե աղջիկն ինքը մի գունավոր նախշ է գորգի վրա:

Այդ տարին էլ եկավ մթին գիշերը: Եվ երբ խավար աղոթատան մեջ դադարեց առաջին երգը, կանաչ աբայի երկու թևեր ձգվեցին վեր, դեպի երդիկ: Վերևից կանայք հրեցին մանկամարդ աղջկան, և 10 մութի մեջ մի քանի կանացի ձեռքեր արձակեցին աղջկա անմեղ գոտին և նրա բարակ մատները երդիկով կախեցին գոտին: Ամոթխած զրնգացին ծամերի բոժոժները: Այդ գիշեր մի գայլ պիտի լիզեր գառան անբիծ արյունը: Եվ երբ անտառում աղջիկը ահից ճչաց, բնի մեջ քնած մի միրհավ զարթնեց և փոխեց տեղը:

Առավոտյան սեյիդը նոր պատգամներ կարդաց: Նրա ամեն մի խոսքը սրբազան օրենք էր Սաբուի համար: Եվ այն, ինչ հայտնեց նա աղջկա ծնողներին, ընդունվեց իբրև մարգարեի խոսք:

Հարկավոր էր գորգն ավարտել, որովհետև գորգը պիտի կախվեր 20 սեյիդի տան պատից, իսկ աղջիկը պիտի քաղցրացներ նրա դառն ծերությունը: Գորգի թերի մնացած նախշերը խառնիխուռն դուրս եկան: Գույները տեղ-տեղ վառ էին, ասես հրդեհվում էին գույները, տեղ-տեղ ավերված, գորշ: Աղջկա մատները դողում էին, երբ բռնում էր գունավոր կծիկները:

Շները մի անգամ էլ հաչեցին, երբ ձիերը գլուխները թեքեցին դեպի հարավ: Մի ձիու վրա փռված էր գորգը, վրան՝ աղջիկը: Աղջիկը վերջին անգամ նայեց պարապ տորքին, մորը, տեսավ հայրենի անտառը, և գորգի նախշերի վրա արցունք կաթեց: