Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, 10 աշխարհը' ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփորում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է 20 դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

* * *

Արև մի կեսօր Կաքավաբերգի քարափով բարձրանում 30 էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերոո, ո՛չ նրա քարափը։