Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ հետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը 10 իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, 20 այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները։

Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։

Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ։

Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների 30 վրա։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։ Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով