Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ովքե՞ր են եկվորները, ի՞նչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր։

Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խոսելով։ Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը։ Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը։ Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառներ...

Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Նա 10 չուխան շպրտեց, չուխայի հետ էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։

Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։

Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկա ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։

Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր 20 հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։

* * *

Կեսօրից անց նրանք բերդից իջան։ Հնագետը մի անգամ էլ պտույտ արեց բերդի չորս կողմը, տետրում մի բան նշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին։

Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը։ Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները, և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը,— երրորդ ձիավորի