Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը,—երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն։

Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը ու ներս մտավ վրանի նեղլիկ դռնից։ Քաղցած ձիերն ագահությամբ մռութները կախեցին թարմ կանաչի վրա։

Վրանի մուտքի առաջ, օջախի կողքին, մի փոքրիկ տղա մոխրի մեջ սունկ էր խորովում։ Անծանոթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց, չիմացավ սունկը թողնի՞ կրակի վրա, վազի մոր հետևից, թե՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին։

Մայրը ներս մտավ, գլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրա, մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին։

Երրորդ ձիավորը հնադետի պայուսակից կոնսերվ հանեց:

— Մենք սոված ենք, քույրիկ։ Թե մածուն ունես, տու՛ր, համ էլ թեյ գցիր։ Շաքար ունենք…— ասավ նա։

Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին։ Նրա գլխի շորը հետ ընկավ, ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը։

Նրա հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը։ Որտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր, սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր։ Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան բերեց օջախի վրա գնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա։

Ինչքան շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եվ մի՞թե