Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հնարավոր է այդքան նման երկու դեմք, նույնիսկ նույն շրթունքները: Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր: Բայց աչքերի ձևը նույնն էր, ինչ որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ:

Կինը թեյի պատրաստություն էր տեսնում, անխոս և արագ շարժումներով։ Ամեն անգամ, երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում էր խսիրի վրա, դրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։

Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էր, շատ հեռու։ Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել էին կինը և նկարիչը։

Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը։ Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում։ Տղան սունկը կերավ և աչքերր սևեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն։ Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային:

Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը։ Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ, նրանց ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտես նորություն էր այդ քարափների վրա։

Կինը նստել էր օջախի առաջ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայում տաքացող ջրին։ Նա խառնում էր կրակը, աթարներն իրար մոտ քաշում, և երբ ծուխն ամպի պես բարձրանում էր ու դուրս գալիս վրանի եղեգնյա պատերի արանքով, կինը, աչքերը մուխից պահելու համար ձեռքը բռնում էր ճակատին։

Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարգ երևում էին նրա ծնկները,