Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։

Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու հետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ։

Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։ Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում։

Թեյամանի մեջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից հանեց պնակները և ծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա։ Երբ նա կռացավ սփռոցի վրա, թիկունքից ծամը թեքվեց, կախվեց ուսն ի վար։ Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները։ Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց։ Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսրի վրա նստած հյուրերին։ Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա ստացավ երկրորդ տուփը։ Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրա, մայրը նրա համար ևս թեյ լցրեց, իսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը։

Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը, նա մատը կոխեց բաժակի մեջ՝