Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգի, որոնցից ամեն մեկը մտքի մեջ հյուսում էր իր նախշը։ Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ։ Ֆետրե գլխարկով մարդը կռացավ, պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրա նկարված էր եռոտանին և այն բարակիրան կինը։

Ձիերի սմբակի տակից քարեր էին թռչում, քարերն աղմուկուվ գլորվում էին ձորը։ Ծով կար նրա մտքում, և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ…

***

Իրիկանացավ։

Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում՝ պողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ, և մեջքը ցավում էր։ Դրա համար էլ նա դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու։ Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին։

Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին։ Իր արտից նա տեսավ ձիավորներին, և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար։ Ա՞յդ միտքն էր նրան զայրացրել, թե հոգնությունը,— մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։

Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու,