Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա։

Օջախը մխում էր։ Թեյամանում եռում էր տաք թեյը։ Ծալքատեղում, բարձի վրա, երկու կտոր շաքար կար։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը, երբ սուրմաների զրնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան՝ կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին։

Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսրի վրա։ Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի։ Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էր: Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց։ Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից։ Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ: Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը: Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը, դրամը բռի մեջ։ Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջր սպիտակ թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը։

Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց: Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը, և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։

Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու։