Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն անգամ նախիրը գյուղից քշելիս հերիք էր մի անգամ նայեր, որ կարողանար որոշել, թե նախրից որ կովն է պակաս:

Երբ երեկոյան նախիրը գյուղ էր դառնում, աղբյուրի մոտով անցնելիս Բադին էր, որ հարս ու աղջիկներին կշտամբում էր, թե`

– Պղնձաքարի սարում ավելուկը կանաչել ա, Սանդ աղբյուրի մոտ մոշը հասել…

Նախիրը գյուղում ցրելուց հետո, իրիկնապահին, Բադին փայտին հենած մեկ էլ ետ էր դառնում տուն, Աթանանց մեծ ընկուզենու մոտ:

Տանը կինն էր և միակ որդին, որ հասնում էր ջահել տունկի պես:

Բադու կինը, իր պես զառամած մի պառավ, ընթրիք եփելու ժամանակը գիտեր:10

Տարիների ընթացքում ամեն ինչ, ամեն օր կրկնվել էր այնքան նման իրար, որ շարժումները մեքենայացել էին:

Երբ անիվի պես ճռնչում էր դուռը, և ներս էր մտնում Բադին, մահակը դնում շեմքին ու հարցնում կնոջը.

– Հաթամի աղջիկ, հորթին ջրե՞լ ես…

Հաթամի աղջիկը իր կինն էր. հնուց սովորույթ ուներ նա կնոջն այդպես կանչելու: Այդ սովորույթը մնացել էր այնպես հաստատ, ինչպես հարևան հաստաբուն ընկուզենին:

Հաթամի աղջկա պատասխանն էլ միշտ նույնն էր.

– Բա չեմ ջրե՜լ…

20 Հետո Բադին բեզարած մարդու տնքոցով շեմքի մոտ տրեխներն էր հանում, թափ տալիս և շտկում առավոտվա համար: Իսկ կինը օջախին էր նայում կամ ճրագի պատրույգը շտկում և մաքուր ավլած գետնին փռում թաղիքը հնամաշ:

Ապա համեստ ընթրիք՝ պանիր-հաց, եթե լիներ՝ տաք կերակուր, հանդից բերած կանաչեղեն, երբեմն էլ հարևանի ուղարկած մի ազիզ կերակուր, որ տարին մի անգամ կեփվեր Բադու օջախում: