Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա:

Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր: Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրա: Խսիրի վրա մեկնվեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային:

Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա, և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը: Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա:

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ, և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...