Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԻՐԱՆԻ ՓՈՂԸ

Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա Էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև՝ չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգերս լայնանում են սուսամբարի հոտից, ու դողալով թերթում եմ տետրը... Հետո պատից վերցնում եմ ծամի նման պիրկ մտրակը։ Ես շոշափում եմ մտրակը և Ցոլակը խելոք աչքերով նայում է ինձ, նայում է և հանդիմանում: Ինչո՞ւ էիր մտրակում։ Մտրակը դառնում է սև օձ, որ զարկում էր ձիու ողորկ մարմնին:

Ես նորից եմ թերթում իմ տետրը, և սրտիս վրա իջնում է անդորր: Ցոլակը կայտառ վրնջում է, խաղացնում ականջները: Անընդհատ բարձրանում ենք, անցնում առապար ու քարափ: Քրտնած ձին մռութը կոխում է ջրերի սպիտակ փրփուրի մեջ և սանձերի երկաթների միջով ծծում սառցահամ ջուրը: Ինչքան վեր ենք բարձրանում, այնքան մոտ է արևը, և արևը խանձում է դեմք, զգեստ, ձեռք, — այնքան սառն են ջրերը, օդը ջինջ, և լսելի է ծաղիկների մեջ մոլորված մեղվի հանդարտ բզզոցը։

Ցոլակը վրնջում է և արագացնում քայլերը։ Ճանապարհը լայնանում է: Ահա մի արտ՝ քարե պատով: Նոսր հասկերը սվսվում են լեռան հովից։ Գյուղը մոտ է, ձին փռռացնում է ռունդերը և խայտալով կրծում սանձը:

ճանապարհից վերև, բլուրի լանջին, մեկը ջրում է մուգ—կանաչ առվույտը։ Ես լսում եմ, թե ինչպես առվի