Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավազի մեջ զրնգում է նրա ծանր բահը։ Իսկ երբ բարձրացնում է բահը, արևը լուսավորում է բահը, և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է։

— Սա՞ է Ձյանբերդի ճանապարհը...

Ջրվորը բացականչում է ոչ «հա», ոչ «հո»։ Հարցս կրկնում եմ։ Մարդը բահը խրում է առվի ավազի մեջ և գալիս է դեպի ինձ։ Ինչքան մոտենում է ջրվորը, այնքան ավելի բարձրահասակ է երևում։ Ես նայում եմ նրա բաց կրծքին. թվում է, թե նրա ձայնը պիտի խրոխտ թնդա։ Ջրվորը լայն ու ծանր ձեռքը մեկնում է ինձ, ասում է «մեր աչքուն» ու ձեռքը տանում դեպի ճակատը։

Ամենևին էլ խրոխտ չի նրա ձայնը, այլ բարակ ու քաղցր։ Ծերունի է. սպիտակ են ոչ միայն բեղերը և ունքերը, այլև կրծքի մազերը, որ հիշեցնում են խճճված մացառուտ։

Հարցս կրկնում եմ։

— Հա,— ասում է,— մըր գուղն ի... Իգա դար լե շրջվե. — ու գրպանից հանում է ծխախոտի քիսեն։ Առաջարկում եմ գլանակ։ Նա ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է նրա համար, սակայն վերցնում է և դնում ականջի հետևը։ Ապա ոլորում է մատի չափ հաստ «ծգարան»։

— Յոնջան քո՞նն է։

Նա կուշտ ծծում է ծխախոտը, կուրծքն ուռչում է, չոր կաշվի նման ճռռում են թոքերը։ Ռունգերից և բերանից ծխի քուլաները բաց թողնելով, գլխով է անում։

— Վարկայության նախակահ բերեց հերու։ Անուշ բուս է։ Ինա կուտ (ցորեն) լե մեր է,— գլխով նշան է անում քարոտ սարալանջի կողմը, որտեղ կանաչին են տալիս ցորենի մանր արտերը։ Ես դժվարանում եմ որոշել նրա արտը, բայց գիտեմ, որ ջրվորը հեռվից ճանաչում է նույնիսկ իր արտի կարմիր պուտերը։

— Մըր բախտ կապած ենք գդալ ջրի... Մըր հողեր լե ցրվուկ։ Էհ, հացի տեղ արուն շատ կերանք։ Հիմա որ սերմ թալինք, սերմ վերունք, էլի գոհություն։