Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա ուսից կախված է հարդի տոպրակը։ Տարվա այս ժամանակ Նրան ինչի՞ է պետք հարդը, և ինչո՞ւ է տոպրակը ուսից կախ։

Նա ինձ պատասխանում է, որ ինքը գյուղի ջրբաժանն է և գիշերները առուների ջրերն ինքն է բաշխում մանր և ցրված հողակտորների վրա։

— Իսկ հա՞րդը։ Հարդը ջրաչափն է։ Ջրբաժանը ոսկեգույն հարդը շաղ է տալիս առուների ջրերի վրա և որոշում հոսանքի արագությունը, ջրի ծավալը։

— Մուրո՜ո... Մո՜ւ...րո՜ո.,— վերևից լսվում է մի զիլ ձայն,— ջուր խլս՜ա վ:

— Տղա լաո՜ ...

Ծերունին առավ բահը ու վազեց վերև, երևի ջրի բանդը։

Հետո ես և Ցոլակը շրջեցինք «դարը», իջանք ձորակը, նորից բարձրացանք, և սարահարթի վրա երևաց լեռնային գյուղը՝ առանց ծառերի, առանց այգիների, оղակված կանաչ մարգագետիններով և բաց առուներով, որոնց ջրերը արևամուտին վարարում են, կեսգիշերին աղմկում խոր ձորերում, իսկ երբ արևը զարթնում է, լռում են՝ լեռան սառույցներից իջնող այդ առուները։

***

Սպիտակ եզան հետ մտանք բակը։ Եզը գնաց դեպի միակ դուռը, որի ճակատին փակցրած էր աղբ, աղբի վրա՝ ձվերի ներկած կճեպներից խաչ։ Եզը միակ դռնից ներս մտավ, և մենք՝ նրա հետևից։ Գնացինք մութ միջանցքով, ապա մի դուռ բացվեց դեպի ձախ, մթնի մեջ կորավ սպիտակ եզը, նրա հետևից՝ իմ հոգնած ձին, որ լեռների մաքուր օդից հետո անախորժությամբ էր շնչում գոմի կծու հոտը։

Հետո միջանցքի աջ կողմը նույն հանդով երգեց մի այլ դուռ, և բոցերի լույսով, մուխի մեջ երևաց ոսկե