Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ծամիկներով մի աղջիկ, Ազնոն, դուստրը իմ վաղեմի ծանոթի, որի տանը գիշերելու էինք ես և իմ ձին։

Ազնո, Ազնիվ... Երբ հիմա թերթում եմ իմ ուղեգրութունների տետրը, որի էջերի արանքում գտնում եմ չորացած ծաղիկներ և սուսամբարի տերևներ, ես երկա՜ր, երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևին, որի ոսկեփոշին փայլում է, ինչպես այն օրը, երբ մարգագետնի վրա թիթեռը ծծում էր ջրախռտի ծաղիկները։ Թիթեռնիկի թևի վրա ես կարդում եմ՝ «Ազնո»... Եվ մտածում եմ, որ Ազնոն հիմա դպրոց է գնում և կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում.

Հանց լուսին ամպի տակով,
Դու ջուր կերթաս ջուխտ գորակով։

Եվ այլևս չի պատասխանի այնպես, ինչպես այն օրը, երբ միասին նստել էինք իրենց բարձր կտուրին, և լեռան միամիտ աղջիկը պատասխանում էր իմ հարցերին.

— Ազնո, կինո տեսե՞լ ես:

— Հաբա օրի չըմ տեսե. շուր մը զարկեր է պատ, կցուցե ձի, աղջիկ, օրիորդ, կարտոֆել։

— Կարմիր բանակ լսե՞լ ես։

— Կարմիր բանակ ջուր է, քցեր են դրոշակի վրա։

— Ազնո, աստված կա՞։

— Հաբա։ Աստված կանաչ ճնճղուկ է։

— Հապա- երկի՞նքը։

— Երկինք զինջիլով կապուկ է եզան կոտոշին։

— Ազնո, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու։

— Կեղնիմ օրիորդ:

Ազնո, Ազնիվ...

Բոց էր բարձրանում խոր թոնրից, գվվում էր օդը սնդուի խողովակների մեջ և թվում էր, թե դվվում էր գետինը բոցերի ուժից, մխի սև քուլաներից, որ հրեղեն սյունի հետ դալարվելով ձգվում էր մինչև լեռնային երկրնքի սառն աստղերը: