Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ հիշում եմ այդ երեկոն, քաղաքների կրակները և դաշտի վրա իջնող գիշերը, Ձյանբերդի ներքևի կտուրի վրա տեսնում եմ մի մարդու, թիկունքը դեպի ինձ, դեպի լեռան գագաթը, երեսը դաշտի կողմը, և լսում եմ լեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը։

* * *

Նրա հայրենիքը եղել է քարոտ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ։ Տաք կիրճերում, լեռնային վտակների ափերին, կանաչում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր պղնձագույն ժայռերի վրա։ Աճում էր և վայրի հոնը, երբեմն թուզը։ Իսկ բարձրերում, որտեղ քարափների վրա ցրված էին նրանց աղքատ հյուղակները, ցանում էին կորեկ և վաղահաս ցորեն։ Երբ հասնում էր կորեկը, ձորերից բարձրանում էին գազանները։ Մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը։

Նրա մանկությունը խաղացել է այդ քարափների վրա։ Ինչպես ֆավն, այդ պատանին փող է նվազել քարանձավների ստվերում, և նրա պարզ երգերին արձագանքել են ձորերը։ Երբեմն կարկուտն է ջարդել նրան, երբեմն քարերն են քերծել դեմքը, ցուրտը և արևը խանձել են նրա կուրծքը, ինչպես լեռան լանջը։ Նա կռվել է գազանների հետ և նրանց հետ, որոնք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին նախիրը, ոչխարը, առևանգում կին ու երեխա։

Թվում էր, թե մինչև մահ կապրի այդ ժայռերի վրա, ինչպես իր պապերը, կցանի կորեկ, աշնանը կիջնի ձորերը, կհավաքի միրգ և ցախ, ձմեռը կլսի հին զրույցներ՝ Զենով Օհանի, Մսրա Մելիքի և Թլոր Մանուկի մասին։

Բայց պայթեց պատերազմը, եղավ զորաժողով, բռնություններ, հրդեհեցին դաշտի գյուղերը, հրդեհաձիգները ձորերով բարձրացան մինչև լեռների գագաթները,