Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև նրանց խեղճ խրճիթները, հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի փոխարեն քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը։ Բոցը հասավ դեղնած արտերին, կրակը լափեց և՜ սերմ, և սերմնացան։

Հազրոն առավ իր կնոջն ու աղջկան և ծերպերով, քարայծի արահետներով անցավ լեռից լեռ, քարանձավից քարանձավ, կերավ ընդեղեն, և՛ ալուճ, և՜ մասուր,— ապա հոգնած, ահը աչքերի մեջ, գնաց հարավի կողմը, գնաց մերթ իբրև քուրդ հովիվ, մերթ իբրև քաղցած գայլ և հասավ անծանոթ մի աշխարհ, որտեղ ոչ լեռներ կային, ոչ լեռնային լույս աղբյուրներ։ Շոգ հարթավայր էր, պղտոր, դեղին գետերով, որոնց ջրերի մեջ չէին երևում այն կապույտ առվակները, որ իջնում էին իրենց լեռների սառույցներից։

Նա հանեց ծիրանի փողը, այն կարմրավուն սրինգը, որի վրա նվագել էր կապույտ լեռնեցի երգերը, և նրա մատները խաղացին ծիրանի փողի վրա։ Հազրոն շոգից խանձված շրթունքներով գրկեց փողի բերանը, ինչպես լեռնային գյուղերում ջուր են խմում կավե դորակներից։ Ջրի նման գլգլում էր նրա նվագը, լեռների երգը՝ շոգ հարթավայրում։

Լաց լացեց կինը, փոքրիկ աղջիկը քնեց մոր ծնկների վրա, լացեց և Հազրոն, հետո թեթևություն իջավ սրտի վրա, ինչպես կապույտ ամպը նստում էր Մարութա բարձր սարին։ Ապա սրբեց արցունքը, ուսն առավ աղջկան, առավ կնոջը և հետ նայեց։ Փոշի էր նստել հեռվի լեռների վրա, և չէին երևում իրենց բարձր լեռները։

Հազրոն ասավ կնոջը. — Էսօր դուման է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի։

Բռնեցին մի ճանապարհ, մոլորվեցին հազար ճանապարհներում, հետո, երբ արդեն սպիտակ մազեր կային նրա գլխին, Հազրոյի քոչը ելավ այս բարձր լեռը։