Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


* * *

Հանդարտվում էր գյուղի երեկոյան աղմուկը։

Լեռան սպիտակ սառույցները լույս էին տալիս։ Մարգագետինները ծխում էին դաղձի բույր։ Բարակ լուսինը դողդողում էր, և նրա լույսի տակ եզների շողիքը օրորվում էր արծաթյա օղակների նման։ Դադրած եզները ննջում էին, և լուսնի տակ նրանք նման էին մարմարե արձանների։

Ներքևի կտուրի վրա հավաքվել են գյուղի հոգնած մշակները։ Երեկոյան մութի մեջ նրանք ավելի հաղթամարմին են, ինչպես գեր եզները։

Ես բարձրանում եմ կտուրը։

Այնտեղ չորս փոքրիկ աղջիկներ կան և մի տղա։ Մի բարձրահասակ մարդ զբաղվում է նրանց հետ։ Աղջիկները հարձակվում են փոքրիկ տղայի վրա, իսկ տղան հրում է նրանց, ապա իրար են խառնվում ու գլորվում կտուրի վրա։ Բարձրահասակ մարդը քրքջում է, մյուսների խոսակցությունը դադարում է, և լեռնցու բոց աչքերով նրանք նայում են երեխաների կռվին։ Ցավից ճչում է մի աղջիկ և վազում կտուրի վրա նստածներից մեկի, ըստ երևույթին հոր, գիրկը։ Հայրը ծիծաղում է.

— Հաբա աղջիկ, գռիվ տփոնք է։

Բարձրահասակ մարդը բաժանում է մյուսներին, գրկում է տղային, որ կորյունի նման կռվում էր հասակակից երեք աղջիկների հետ։

— Բաբեն ղուրբան, հերիք,— ասում է մարդը։ Իսկ տղան նրա գրկի մեջ թպրտում է, կարծես հիմա պիտի թռնի շիվար աղջիկների վրա։

Մեկը աղջիկներին պատվիրում է տուն գնալ, և նրանք փայտե սանդուղքով իջնում են ցած։

Տիրում է լռություն։ Միայն բարձրահասակ մարդը զվարթ քրքիջով հանգստացնում է տղային.

— Բաբեն ղուրբան, չէ՞ աղջիկ լե մեղք է...

— Մինչև էն ի չզարկեր, ես լե չզարկի,— բողոքում է տղան։