Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հազրո,— կանչում է նստած ստվերներից մեկը,— չալե՜ս:

Ուրեմն այս բարձրահասակ մարդն է Հազրոն, որի մասին պատմել էր ինձ իմ վաղեմի ծանոթը:

— Խանամին, խանամին...

— Յար խուշտա...

Տղան արագ իջնում է նրա գրկից և վազում ներքև: Հազրոն մոտենում է ինձ և մեկնում ձեռքը։

— Բարի տեսանք։

Նա ունի լայն ճակատ, որ լուսնի տակ պղնձագույն է երևում, ճերմակ մազեր և կեռ արծվաքիթ։ Նրա աչքերը փայլում են երիտասարդական ավյունով։

— Կխաղա՞ք,— նայում է մյուսներին։

Ես երբեք, երբեք չեմ մոռանա այդ լուսնյակ գիշերը բարձր լեռան մի գյուղում։ Հազրոյի տան կտուրը, նրա նվագը և հսկաների հին պարը։

Տղան տնից բերեց սրինգը, այն ծիրանի փողը, որ քիչ ավելի երկար էր մեր հովիվների սովորական սրնգից։ Նա կանգնեց կտուրի ծայրին, փողի բերանը դարձրեց դեպի գյուղի կողմը, և հետզհետե, ինչպես լուսաբացը լեռներում, զարթնեց «Յար խուշտան»։ Նա սկսեց դանդաղ և մեղմ, հետո ձայները զորացան, արագացավ չափը։ Հետո վայրենի կանչով վեր թռավ ջրբաժանը, կանգնեց կտուրի մեջտեղ, նրան հետևեց երկրորդը, երրորդր և շուտով նրանց երկու շարքը, ինչպես երկու վիթխարի ապառաժ, զարնվեցին իրար՝ ձեռքերով, ծնկներով և կրծքով։ Նվագն ավելի թնդեց. դողում էին կտուրի գերանները, կարծես իրար վրա արշավում էին բանակներ: Նրանց ձեռքերի հարվածը պողպատի ձայն էր հանում, և կայծեր էին թռչում նրանց բորբոքված աչքերից։

Հարևան կտուրների վրայից, տների բակերից կանայք և աղջիկները դիտում էին լեռնականների պարը։ Երբ մի շարքը մյուսին հետ էր մղում՝ ձեռքերի հարվածով, կարծր կրծքերի զարկով, նահանջողները արշավում էին