Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջկա տունը, լսում է նրա տան աղմուկը, խաղում է թոռների հետ և մենակ ճանապարհ ընկնում դեպի լեռը, դեպի լեռան գյուղի իր պարզ խրճիթը:

— Հազրո, դու լա՞վ էիր ապրում քո գյուղում։

— Մեր քարափների վրա՞։— Եվ լռում է:

— Հեյ վա՜խ ջահելություն, թռար...

Եվ նորից վերցնում է փողը։ Նվագում է, այս անգամ ոչ թե լեռնականների կորովի երգը, որից բորբոքվում է արյունը,— այլ հովվական պարզ մի երգ։ Կա և՛ թախիծ այդ երգի մեջ, կարծես մեկը մոլորվել է խոր ձորերում և տխուր հեկեկում է, կա և՛ ջինջ ուրախություն, երբ լեռների վրա ծագում է արևը, ելնում է ծուխը, մշակը գնում է աշխատանքի, վերջապես կան և կարոտի հնչյուններ՝ վերադարձի և վերջին հույսի:

— Հաղ մի երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին: Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ չորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ-զուլալ ախպրտոց պես գրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն։ Փչեմ զիմ ծիրանի փող, էլման ծուխ բանցրանա երդիկներեն, խմեմ մըր լուս աղբըրներեն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրեն, մըր Մարութա բանձր սարի ամպ թող լիզա զիմ սիվտակ ոսկորներ...

— Հագրո, իսկ ո՞ւմ կտաս քո ծիրանի փողը:

— Զիմ փող կիտամ իմ քաջարծիվ թոռնիկին։

* * *

Փողոցում խաղաղություն է։

Քնել են հոգնած մարդիկ, և փողոցի լապտերների լույսի տակ օրորվում են քաղաքի տները, նրանց սև պատուհանները: Լեռներից զով է իջնում քաղաքի վրա, և գիշերային զովը բերում է սուսամբարի թույրը, լեռների հստակ օդը և մաքուր ջրերի ձայնը։