Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գետ գիշեր էր, պապս տնքալով բարձրանում էր թախտը, արխալուղի կոճակներն արձակում և հնձվորի նման գլխին կապում սպիտակ շորը: Հողի գավաթի մեջ սառած սպասից մի քանի գդալ ուտելուց հետո՝ թիկնում էր բարձին և ննջում:

Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կենում: Քաղցր քնի մեջ, մանավանդ, երբ լուսաբացին զովը պաղեցնում էր օդը և քունն ավելի անուշ դարձնում, պապս ձայն էր տալիս մեզ.

— Դե, վերեք, հրեն արևը դուրս եկավ հա՜...

Մենք ավելի էինք ներս խցկվում վերմակի տակ ու սկսում սուտ խռմփացնել: Ու մեկ էլ մի ձեռք վերմակի տակ խտղտացնում էր մեր կրունկները: Ծլոնգ էինք անում, նստում անկողնում և տրորում մեր քնատ աչքերը:

— Դե հա՜, վերեք... Տղամարդն էլ էդքան քնի՞: Հրես ձմեռը էնքան արջաքուն տա՜ք...— ասում էր և հոնի փայտի ծայրով դիպչում մեր մարմնի բաց մասերին և ինքն էլ մեզ հետ ծիծաղում:

— Վերեք, ես ձեր ժամանակ կարգին տղամարդ էի: Հրես ձեր պսակելու վախտը մոտենում ա հա՜, վերե՜ք...

Մենք այն ժամանակ ութ-տաս տարեկան երեխաներ էինք: Ու պիտի վեր կենայինք, քնաթաթախ աչքերով չջոկեինք, թե ով ում տրեխն է հագնում, պիտի կռվեինք իրար հետ, թե ո՞վ է եզները տանելու և ո՞վ է գնալու վարի: Բայց ավելորդ էր մեր խոսքն ու կռիվը, որովհետև պապս արդեն որոշել էր աշխատանքը, իսկ Նազու աղջիկը մեր պաշարի կապոցները կախել էր բակի ցից փայտերից:

Եվ արևածագին սկսվում էր գյուղի ծանր աշխատանքի առօրյան:

Ձմեռն էր լավ: Աշխատանք քիչ կար, տավարը գոմումն էր, խոտն ու դարմանը՝ մարագում: Պապս ոչ նստում էր դարպասի քարին և ոչ էլ պառկում բակի թախտի վրա: Արևօրերին նրա փոխարեն հավերը, սառած գետինը