Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոխ տալով, մոտենում էին, վիզները երկարում, թռչում ու շարվում թախտի վրա, գլուխները ծածկում թևերի տակ։

Պապս քուրսու մոտից չէր հեռանում։ Նա սովորություն չուներ գյուղի հրապարակը գնալու։ Քուրսու մոտ կնստեր, բրդե շալը ուսին կգցեր ու կմտմտար, երբեմն ինքն իրեն կժպտար, բարի և անչար մարդու ժպիտով։

Մանավանդ ձմեռը հյուրն անպակաս էր։ Ով էլ լիներ, ինչ գործով էլ գար, մի օրվա փոխարեն պապս նրան պահում էր երկու, երեք օր։ Եթե հեռու գյուղերից իր վաղեմի ծանոթը կամ թուրք «քիրվան» նրան տեսության էր գալիս, մեր տունը դառնում էր հարսանքատուն։ Նստում էին մինչև աքլորականչը, պատմում անցած օրերից, վերհիշում մեռած մարդկանց վաղուց եղած դեպքեր ու վաղեմի պատմություններ։

Մենք էլ էինք նստում այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենեինք քուրսու թախտին, մինչև տատը բոթեր մեզ, զարթեցներ ու վեր կենայինք, որպեսզի վերմակի տակ մի քիչ էլ լսեինք նրանց զրույցը։ Պապս այնքան էր պատմել իր գլխով անցածը մեզ և հյուրերին, որ հենց խոսքի կծիկը ետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե ո՞րն է պատմում՝ այն, ինչ եղավ գյուղի ավերակ մատուռում, երբ ջահել ժամանակ պապս ընկերների հետ գրազ էր բռնել, գիշերով գնացել փափախը դնելու մատուռի ներսը, ու մի աղվես դուրս էր թռել, վախից պապս գյուղի ճանապարհը կորցրել և մինչև լույս բոստաններում պտույտ էր տվել,—թե ինչպես սարում գայլերը հարձակվել էին ձիու երամակի վրա, ինքը պահվել էր ձիերի արանքում և մի կերպ ազատվել։

Պատմությունն անելիս պապս միշտ կամ ջահել օրերին էր երանի տալիս, կամ էլ առանձին շեշտով խոսքը վերջացնում.

— Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա...