Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխարհի չար ու բարուր անտեղյակ, միամիտ երեխաներ էինք։ Մեզ համար ամենից հզորն ու սարսափելին գյուղի գզիրն էր։ Տանուտերը, որը նստում էր հարևան գյուղում, մեր գյուղի գործերը տեսնում էր գզիր Իբիշի ձեռքով։ Մեկ էլ գզիրը տնկվում էր կտուրի վրա կամ կռանում էր և երդիկից կանչում.

— Քյոխվից հրաման կա… Տերության խարջը երեք օրում ուզում են։ Չտվողին՝ Սիբիր։

եթե հրամանը հասարակ էլ լիներ, Իբիշը խոսքը վերջացնում էր սպառնալիքով։ Ոչ մի խնդիր և ոչ մի աղերս չէր կարող փափկացնել նրա սիրտը։

— Ուզում ես թագավորի հողից ինձ քոչեցնե՞ն… Չէ՛ չէ՛, բե՛ր։ Ես ի՞նչ պատասխան պիտի տամ քյոխվին։ Ուզում ես խալխի մեջ ինձ խայտառակ անի՞։ Բե՛ր, թե չէ Սիբիր, հա՜…

Գզիր երիշը մեզ սարսափելի և հզոր էր թվում, որովհետև պապս, որ մեր աչքում անվախ մարդ էր, գայլ ու գազան տեսած,— նա էլ էր խեղճանում, երբ գզիրը կանչում էր երդիկից կամ թե երբ դարպասի քարին նստած ժամանակ գզիրը մոտենում էր և չոր ու կոշտ հայտնում տանուտերի հրամանը։

— Մեր տան կերած աղ ու հացը քոռացնի աչքերդ, Իբիշ…

Պապս էր ասում այդ խոսքերը, երբ գզիրը հեռանում էր այնքան, որ չլսի ասածը։

Եվ ամեն անգամ, երբ գար ու գնար երիշը, պապիս ժպիտը կորչում էր, մոռանում էր մեզ էլ, տունն էլ, եզն ու կովն էլ։ Ամեն մի այցից հետո նա խոր թառանչով ասում էր.

— Ախ, Եգոր, մի էստեղից դուրս գայիր… Յարաբ աչք ա լինելո՞ւ քեզ տեսնեմ…

Այդ որ ասեր, մենք էլ էինք տխրում, չնայած մեզնից ոչ ոք չէր տեսել մեր քեռի Եգորին, որին տարիներ առաջ աքսորել էին։