Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա աքսորման մասին հակասական պատմություններ կային, որոնցից ոչ մեկը ճշմարիտ չէր։ Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է և իբրև թե հրացան է քաշել հրամանատարի վրա։ Մեզ համար մութն էր այդ պատմությունը. չէինք տեսել ոչ նրան, ոչ էլ գիտեինք այն երկիրը, որտեղ, ինչպես պապս էր ասում, «ամառ֊ձմեռ ձյուն է»։ Իր որդու մասին պապս մեզ հետ չէր խոսում և եթե ձմռան գիշերներին քուրսու մոտ նստած հյուրերից մեկն ու մեկը պատահմամբ կամ անզգույշ հարցով հիշեցնում էր նրան այդ մասին, պապս «է՜հ» Էր անում, ուսերը թոթովում և, մի քիչ լուռ մնալուց հետո, շարունակում զրույցը։

Այդ դեպքը մի ստվեր էր մեր լույս օրերի վրա։ Մեծերը տխրում էին, տատս արտասվում էր, երբ նայում էր սնդուկում պահած որդու գուլպաներին։ Եթե մենք նրան հարցնեինք, թե հեռո՞ւ է քեռին, նա պատասխանի փոխարեն պիտի կռանար, համբուրեր մեզ, մի-մի բան էլ ձեռքներիս դներ։


Ամիսներով մոռացվում էր այդ պատմությունը։ Վար ու ցանքի հետևից էինք ընկնում, աշխատում էինք լուսաբացից մինչև իրիկուն, և մեզ թվում էր, թե մեր ընտանիքում ոչինչ չի պատահել և մեր տան գլխին չի ծանրացել ոչ մի հոգս։

Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն լսվում էին լուրեր, մանավանդ հարևան գյուղերում, և այնտեղից էլ այդ լուրերը, որպես շշուկ, հասնում էին պապիս ականջին։ Մերթ ասում էին, որ նրան տեսնող է եղել, և ուրիշի անունով ապրում է այսինչ քաղաքում․ պապս ձի էր նստում, գնում լուրը ստուգելու և հուսահատ վերադառնում։ Մերթ պատմում էին, թե սահմանն անցել և գնացել է Իրանի հողը և իբրև թե նամակ է ուղարկում մեզ, բայց նամակը ճանապարհին բռնում են։

Սոսկալին այդ անհայտությունն էր, որովհետև եթե ստույգ իմացվեր, որ նա այլևս չկա,լաց կլինեին, և