Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիների հետ կհալվեր մորմոքը։ Սակայն մերոնց վիշտն անթեղած կրակ էր, որ մերթ բոցավառվում էր որպես պայծառ հույս, մերթ դառնում մարմրին տվող տկար կայծ:

Պատահում էր, որ ձմռան գիշերին մեզնից մեկն ու մեկը հանկարծ զարթնում ու գլուխը հանում էր վերմակի տակից: Այդ գիշերներին շատ անգամ տեսնում էինք տատիս ու պապիս քուրսու մոտ նստած։ Երբեմն նրանք լուռ ննջում էին։ Տատս հանկարծ սթափվում էր,աչքերը տրորում,մոտեցնում բրնձով լի ամանը և մատով մեկ֊մեկ ընտրում բրինձը։ Նրանք իրար հետ խոսում էին, ամեն հիշեր համարյա նույն ձևով, նույն հանգով։

— Բա ի՞նչ ասաց։

— Կտեսնեմ... ասում էր շատ ա դժվար...

— Հը՞։

— Դժվրա, դժվա՛ր...

— Տվածնիս աչքերն առնի, բա հիմա ինչ է ուզում...

— ճարներս ինչ, պիտի տանք... Տեսնենք մի խաբար կբերի՞։

Ու մենք հասկանում էինք, թե կա մի մարդ, որ, եթե մտքում դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց: Ո՞վ էր այդ մարդը, մենք չգիտեինք։ Հայտնի էր, որ երբեմն գզիր Իբիշը մեր տնից յուղ ու պանիր էր տանում նրա համար։ Մի անգամ էլ երկու ոչխար տարավ ու հենց գոմի շեմքին երդվեց, որ անպատճառ նրան կասի։ Գզիրը ոչխարը քշեց հարևան գյուղը, որտեղ ապրում էր տանուտերը, և որի տանը շատ անգամ շինում էր պրիստավը։

***

Աշնան մի օր պապս, որ առավոտ կանուխ ձի էր նստել ու գնացել հարևան գյուղը, ուրախ֊ուրախ ձիուց