Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարծանքով պատմում էր, որ ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել։ Մեր տունը հյուր եկողներին նա նկարագրում էր, թե ինչպես է Միրզա Դավիթը խնդիրքը գրել։

— Է՜, մենք էլ ասենք ապրում ենք։ Էնպես ղալամ ունի, որ քարին դնի, քարը կճաքի… Ինձ որ տեսավ, երեսիս նայեց, թե Արություն ապեր, ուզո՞ւմ ես ասեմ, ինչի ես եկել ինձ մոտ։ Ասաց, թե դու ուզում ես, որ թագավորին նամակ գրեմ տղիդ համար։ Մնացի զարմացած։ Օրենքի գրքերը բաց արեց կարդաց, կարդաց, մինը դրեց, մյուսը վերկալավ, վերջը գտավ։ Ոսկե ղալամը դրեց թղթի վրա… Մի զարմացք էր որ։ Էդպե՜ս էլ գիր, էդպես էլ զորություն…

Ունկնդիրն իր հիացմունքն էր հայտնում Միրզա Դավիթից և նրա գրչից, ինքն իր հերթին անում մի պատմություն նրա իմաստությունից և հնարագիտությունից։

— Ասենք թե անունը միրզա է, բայց ադվակատից էլ գիտուն է։

— Պապի, բա պատասխանը ինչո՞ւ չի գալիս…

— Ա՜յ որդիք, հենց իմանում եք, թե թագավորը ունի-չունի էդ հոգսն ունի՞։ Կռիվ կա, ժողովուրդին կերակրել կա։ Օրը ես հազար ասեմ, դու երկու հազար իմացի,—էդքան նամակ ու խնդիրք ա ստանում։ Հալբաթ մի օր էլ մերը ձեռքը կհասնի… Բա էս թուղթն ինչի՞ համար են տվել։ Էդպես էլ վրան գրած է. Արություն Ադամովից նամակ ռուսաց թագավորի վրա։

***

Եկավ գարունը։ Մի օր էլ գզիր Իբիշը ձայն տվեց, որ հարևան գյուղում ժողով կա։

— Թազա պրիստավ են դրել, ա՜յ ժողովուրդ, թազա քյոխվա են ընտրելու։ Տունը մի մա՜րդ…

Տանուտերի ընտրությանը պապս չգնաց։ Ալա եզն այդ օրը տնքում էր, նրա պնչերից ծորում էր ժահրոտ