Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է կամ թե ո՞վ գիտի, թագավորի կողմից մի հարցմունք պիտի անի:

Քնելուց առաջ պապս ինձ պատվիրեց առավոտը կանուխ վեր կենալ: Ես նրան պիտի ուղեկցեի և այնտեղ նրա ձին պիտի պահեի,մինչև պապս ներկայանար պրիստավին:

Ուրախությունս անչափ էր։ Ես պիտի տեսնեի հարևան գյուղը, պապիս թարքին նստած պիտի բարձրանայի սարի գագաթը, որ մեր բակից անչափ հեռու էր երևում։ Վերջապես ես պիտի տեսնեի պրիստավին։ Այս մտքի վրա ուրախությունս տեղի էր տալիս ահավոր երկյուղի։ Լուսաբացին մի անգամ ձայն տալուց իսկույն վեր թռա և արագ հագնվեցի։ Բակում պապս հագցնում էր ձիու սանձը։ Քիչ հետո երկուսով նստեցինք ձին ու ճանապարհ ընկանք:

Երբ հեռացանք գյուղից, ամեն ինչ ինձ համար նոր էր և անծանոթ։ Իմ հարցերին վերջ չկար։ Ու դեռ մեկի պատասխանը չստացած, մյուսն էի տալիս, իսկ պապս դողդոջ ձայնով պատասխանում էր, երբեմն կանչում ձիու վրա և սանձը ձգում, երբ ձին ոտքը դիպցնում էր քարին։

— Հրեն է՜, էն սպիտակ տունը, կտուրն Էլ կարմիր,— ցույց տվավ պապս սարի գագաթից,— պրիստավն էնտեղ է նստում։

— Պապի, որ թագավորը գրած լինի, թե իրավունք եմ տալիս, քեռին քանի՞ օրում կգա։

—Մի աչքը ճպելում։ Թագավորի համար ինչ։ Ուզենա մի օրում հազար ոչխար մորթել կտա։

—Հազար ոչխա՜ր...

Քիչ հետո մենք սպիտակ շենքի մոտ էինք: Ինչքա՜ն նորություն կար ինձ համար։ Այստեղ փողոցներն ավելի լայն էին, տներն ավելի գեղեցիկ։ Փողոցում շատ ժողովուրդ կար Խանութների առաջ մարդիկ խռնվել էին