Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի գյուղացու, որի գլխին փաթաթած կեղտոտ շորի վրա և երեսին կային արյան չորացած կաթիլներ։

—Էն ուրյադնիկ Վասոն ա. պրիստավն օթախումնա,—ասաց նա։ Ես չհարցրի, թե ուրյադնիկը պրիստավի ի՞նչն է: Սակայն հետաքրքրությունս ավելի սաստկացավ: Եթե ուրյադնիկն այդքան շատ ոսկի կոճակներ ուներ, ապա ինչեր կլինի պրիստավի հագին։ Իսկ թագավո՞րը...

Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին: Սանդուղքի քարին նստած մարդկանցից ոմանք իջան և կանգնեցին բակում։

Հանկարծ դռները բացվեցին, երևացին մի քանի ձեռքեր, իրար խառնված մարմիններ, անթիվ փայլուն կոճակներ և այդ ամենի մեջ պապիս ալեհեր գլուխը։

Ձեռքերն իջնում էին նրա գլխին։

Ու մինչև ես բարձր կանչեցի և ձիու սանձից բռնած վազեցի սանդուղքի կողմը,— պապս արդեն թափ էր տալիս փեշերը: Վերևից մեկը ոտքով շպրտեց նրա սև փափախը։ Դռները նորից փակվեցին։

Մի քանի հոգի սիրտ արին և մոտեցան մեզ։ Սակայն ոչ ոք ծպուտ չհանեց։ Իսկ երբ սանդուղքի վրա երևաց ուրյադնիկը, նրանք իսկույն հեռացան։ Պապս փոշոտ գլխարկը թափ տվեց ու դարձավ ինձ.

— Ձին պահի, բալաս... Պատասխանը չկա։

Բերանից արյուն եկավ։ Ես տեսա նրա ջարդված ատամը։ Արյունը թքի հետ խառնված կաթում էր նրա արխալուղի վրա։

Ձին մոտ քաշեցի։ Մեր գյուղացի մեկը օգնեց ինձ ու պապիս՝ ձին նստելու։

Մենք անխոս ճանապարհ ընկանք։

Պապս գլուխը կախել էր և ձախ ձեռքով բռնել ծնոտը։ Ես պինդ գրկել էի նրան, գլուխս հենել մեջքին: Լսում էի նրա ընդհատ շնչառությունը։

Նա հեկեկում էր: